Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մի մարզպետի ու մի ականջի մասին

Մի մարզպետի ու մի ականջի մասին
24.03.2017 | 01:43

Որքան մոտենում է ընտրության օրը, այնքան մարդկանց նյարդերը պրկվում են, քայլերը դառնում են արտառոց, խոսքերը՝ անկառավարելի: Սա գուցե սովորական պրակտիկա է, բայց ամեն անգամ ականջդ քերծում է:
Բացի ամեն ինչից այս անգամ ընտրարշավը համընկել է Մեծ պասի հետ, և փաստորեն իզուր են քահանաները եկեղեցում ու հեռուստաէկրանից հորդորում, որ պասը միայն ուտելիքի մեջ սահմանափակումը չէ, բազմիցս կարևոր է հոգու մաքրությանը հետևելը: Հոգին ու հոգու խոսքը վայրի խրախճանքի մեջ է:


Սյունիքի մարզի բախտը կտրականապես չի բերում մարզպետների հարցում։ Նախկինի՝ Սուրեն Խաչատրյանի կերպարը այնքան հայտնի է, որ բնորոշումների կարիք չունի: Վահե Հակոբյան-1-ը պաշտոնավարեց մի քանի ամիս ու համարյա ոչինչ չհասցրեց փոխել, առավել ևս որ Սուրեն Խաչատրյանը վերադարձավ մարզպետարան: Վահե Հակոբյան-2-ի դեպքում սյունեցիները երանությամբ են հիշում Սուրեն Խաչատրյանին՝ պնդելով, որ Լիսկան գոնե տղամարդ էր. լավի մեջ լավն էր, վատի մեջ վատն էր, իսկ նոր մարզպետը ամեն ինչի մեջ է անտանելի: Առավել ևս, որ նրա պաշտոնավարումը համընկել է ընտրությունների շրջանի հետ, իսկ թե ինչով են մարզպետները այդ դեպքում զբաղված, իրեն կարող է թույլ տալ չիմանալ միայն վարչապետ Կարեն Կարապետյանը, որ սյունեցիներին մրից հանեց մրջուրը գցեց:
Եվ, այնուամենայնիվ, քաղաքական գործիչների համար կան սահմաններ, որոնցից դուրս գալն արգելված է՝ նրանք պարտավոր են, ինչի և ում մասին էլ խոսեն, կոռեկտ լինել իրենց բնորոշումներում, հայտարարություններում ու անգամ սպառնալիքներում: Ցանկացած քաղաքական գործիչ՝ կին, տղամարդ, պաշտոնյա, անպաշտոն, իշխանության թե ընդդիմության ներկայացուցիչ, պիտի տաբուներ ունենա խոսքի մեջ, որովհետև բնորոշելով յուրաքանչյուր դեպք ու երևույթ՝ բնորոշում է նաև ինքն իրեն: Մարտի 22-ին «Կենտրոն» հեռուստաընկերության «ՈՒրվագիծ» ծրագիրը նայողները կարող էին դրանում համոզվել: ԲՀԿ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը իր ազնիվ ու փաստարկված զայրույթի մեջ հասավ այնտեղ, որ պատրաստվում էր կտրել Սյունիքի մարզպետի ականջները: Թե ում է դա բնորոշ, չհիշեցնեմ, բայց հիշեցնեմ, որ շատ ավելի ռեալ ու ազդեցիկ էր նրա՝ մարզպետի գործը Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան հասցնելու խոստումը: ՈՒ պատկերացնո՞ւմ եք, թե Ստրասբուրգում ինչ վճիռ կկայացնեն, եթե տարաբախտ մարզպետը բարձրագույն դատարան ներկայանա առանց ականջի կամ ականջների: Չէ՞ որ ԲՀԿ-ականների խոսքը գործ է: Իրենք այդպես են պնդում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Իսկ գուցե գործը Ստրասբուրգ չհասնի էլ, գուցե ՀՀԿ-ում էլ հասկանան՝ ում են մարզպետ նշանակել և վերանայեն որոշումը: Սյունեցիները երախտապարտ կլինեն: Նաիրա Զոհրաբյանը՝ ևս, առավել ևս, որ «ՈՒրվագիծը»՛ «Յութուբում» դիտողները զրկված են նրա ազդեցիկ սպառնալիքը լսելու հնարավորությունից՝ մոնտաժը կարևոր քաղտեխնոլոգիա է ընտրությունների շրջանում:

Դիտվել է՝ 1342

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ